ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«ՈԳԻՆ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾԸ, ԻՍԿ ԱՅԴ ՈԳԻՆ ԱՆՄԵՌ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ՄԵՋ»

«ՈԳԻՆ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՍՏՎԱԾԸ, ԻՍԿ ԱՅԴ ՈԳԻՆ ԱՆՄԵՌ Է ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ՄԵՋ»
26.01.2010 | 00:00

«Ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների մասին ավելի լավ կլինի, որ խոսեն մասնագետները։ Սա Հայաստանի համար այնքան լուրջ խնդիր է, որ պետք չէ այն դարձնել քննարկման մոդայիկ թեմա։ Զարմանում եմ, որ այսպիսի հարցերի շուրջ տեղի է ունենում համահայկական քննարկում։ Ամեն մեկն իր անձնական կարծիքն է հայտնում` անտեղյակ հայ-թուրքական հարաբերությունների պատմությանը։ Կտրականապես դեմ եմ այս հարցը սիրողական մակարդակի թեմա դարձնելուն»,- հայ-թուրքական արձանագրությունների շուրջ մեր զրույցի սկզբում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։
-Կարծում եք` Սահմանադրական դատարանի որոշումից հետո Հայաստանը պետք է սպասի Թուրքիայի արձագանքի՞ն, թե՞ շարունակի ընթացակարգով ենթադրվող քայլեր իրականացնել։
-Ձեր հարցի պատասխանը կարող են տալ խնդրով զբաղվող պատկան մարմինները, որոնք Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինն են առաջ տանում։ Իմ անձնական կարծիքով` պետք է շատ զգույշ լինենք` համարժեք պատասխաններ տալու համար։ Ընդհանրապես, միջազգային արենայում Թուրքիան իր գործելաոճով անվստահելի երկիր է, ինչն ապացուցվեց հայ-թուրքական այս կարճատև հարաբերությունների ընթացքում։ Քանի որ գործ ունենք մի երկրի հետ, որն անկանխատեսելի է, իհարկե, մենք պետք է սպասենք, որպեսզի հասկանանք, թե որն է լինելու նրանց հաջորդ քայլը։ Սակայն սա չպետք է համարել սպասողական վիճակ։
-Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ այն հանրային քննարկումները, որ ծավալվեցին այս ժամանակահատվածում, անիմաստ, անտեղի էին։
-Պարզապես պետք է մասնագետները, ոչ թե սիրողական մակարդակի քաղաքական գործիչները խոսեն այդ մասին։ Հատկապես դեմ եմ, երբ երիտասարդ քաղաքական գործիչներն են անդրադառնում այս թեմային, ովքեր ոչինչ չգիտեն այդ հարաբերությունների մասին։ Համաժողովրդական քննարկում, ինչ խոսք, պետք է լինի, բայց միայն մասնագետներն ու պատասխանատուներն են իրավասու ժողովրդին իրազեկելու հարցի իրական էության մասին։
-ԱԺ-ն պետք է վավերացնի արձանագրությունները։ Կարծում եք` բոլո՞ր պատգամավորներն են խորապես ծանոթ խնդրին։
-Իհարկե` ոչ։ Փաստաթուղթը մինչև խորհրդարան բերելը պետք է մեր հասարակությունը դրական տրամադրված լինի այդ արձանագրությունների հանդեպ։ ԱԺ պատգամավորի կարծիքը չէ, որ մենք պետք է վավերացնենք, այլ համաժողովրդական վստահությունը։ Մեր պետությունը ձգտում է դրական արդյունքի։ Սրանով կբարձրանա նաև Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության աչքում։
-Ճիշտ չէ՞ր լինի արձանագրություններն ԱԺ ներկայացնել նախագահի վերապահումներով։
-Ցանկացած բանակցային գործընթացում Արցախի ու Ցեղասպանության հարցերը վաղուց որոշված են և քննարկման ենթակա չեն։ Ցեղասպանությունը համաշխարհային հանրությունն ընդունել ու ճանաչել է։ Ի դեպ, Ցեղասպանությունը միայն 1915-ին չի եղել, այլև դրանից առաջ և հետո։ Այսինքն` թուրք ժողովուրդն անհամատեղելի է հայերի հետ։ Քանի դեռ նրանք գոյություն ունեն, ցեղասպանություն են իրականացնելու։ Սա Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության բաղկացուցիչ մասն է։
-Նշեցիք, որ թուրքն անհամատեղելի է հայի հետ։ Այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ ենք հարաբերություններ հաստատում Թուրքիայի հետ։
-Մենք գնում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղիով։ Խոսքս վերաբերում է նաև Արցախին, այսինքն` ադրբեջանցիները և հայերը նույնպես անհամատեղելի են, քանի որ պատմությունն ապացուցել է, որ երբ թուրք-ադրբեջանական տարրին հնարավորություն է տրվում, ցեղասպանություն է իրականացնում։ Մեր խնդիրն է իսպառ չեզոքացնել այդ հնարավորությունը։ Դիվանագիտական հարաբերությունների ստեղծումը ևս չեզոքացման ձևերից մեկն է։ Փորձում ենք թուրքերին համոզել, որ կարելի է ապրել առանց ցեղասպանության։ Հետևաբար, մենք պետք է միջազգային հանրությանն ապացուցենք, որ Թուրքիան չի փոխվել։ Ո՛չ հասարակության գիտակցության փոփոխությունը, ո՛չ էլ համամարդկային զարգացման տեմպերը նրանց վրա չեն ազդել։ Նրանք առաջնորդվել են պանթուրքիզմի փտած, հետամնաց գաղափարախոսությամբ, այսօր էլ շարունակում են նույն կերպ։
-Այնուամենայնիվ, Թուրքիան կվավերացնի՞ արձանագրությունները։
-Դա պայմանավորված է Թուրքիայի ղեկավար շրջանակների ձգտումներով։ Թուրքիան այսօր լուրջ երկընտրանքի առջև է կանգնած։ Եթե չվավերացնի արձանագրությունները, եվրաընտանիքի անդամ դառնալու հնարավորությունից այլևս կզրկվի։ Եղբայր, ինչո՞ւ չես ուզում հարևանիդ հետ նորմալ ապրել, նշանակում է հարաբերվում ես նրա հետ միջնադարյան ֆանատիկոսների հոգեբանությամբ։ Կարծում եմ` հիմա նրանք կանգնած են ճակատագրական որոշման առջև։ Կամ` ի՞նչ է նշանակում Թուրքիայի արտգործնախարարի դիրքորոշումը մեր Սահմանադրական դատարանի վճռի առնչությամբ։ Դու ի՞նչ գործ ունես մեր ՍԴ-ի որոշման հետ։ Այդ հայտարարությունը պարզապես աբսուրդ է։ Չնայած Հայաստանի նախագահը շատ հաշվարկված, ծանրակշիռ դիվանագիտական քայլերի միջոցով հասել է նրան, որ Թուրքիային ոչինչ չի մնում անելու, քան վավերացնելը։ Եթե, իհարկե, նա ձգտում է եվրոպական ընտանիքի անդամ դառնալ։ Ժամկետներ չեմ կարող նշել, բայց Թուրքիան կվավերացնի արձանագրությունները։
-Դաշնակցությունը ԱԺ-ում աշխատելու է յուրաքանչյուր պատգամավորի հետ, որպեսզի դեմ քվեարկողները շատ լինեն։ ՀՅԴ-ն կարո՞ղ է ազդել հանրապետական պատգամավորների որոշման վրա։
-Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր տակտիկան և ստրատեգիան։ Չեմ կարող մեկնաբանել դաշնակների տեսակետը։ Կոնկրետ ինձ վրա ոչ մեկը չի կարող ճնշում գործադրել։ Մեր կուսակցության ղեկավարը, որը նաև արտաքին քաղաքականության պատասխանատուն է, մեզ հետ խորհրդակցելով է գործընթացն այս ուղղությամբ տարել, բնականաբար, մենք համոզված ենք, որ այս ճանապարհը ճիշտ է։ ՀՅԴ դաշնակցականնե՞րը պետք է մեզ խելք սովորեցնեն։ Այդ քաղաքական լոպազություններից խորհուրդ կտայի զերծ մնալ որոշ կուսակցությունների լիդերներին։ Հանրապետական կուսակցությունը ոչ միայն այս, այլև հայ ժողովրդին հուզող բոլոր հարցերի պատասխանատուն է, ուստի ուրիշների խորհրդի կարիքն ընդհանրապես չունի։
-Հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ ակտիվություն է նկատվում ղարաբաղյան հիմնախնդրի գործընթացում։ Թեև հայտարարվում է, որ այս երկու գործընթացները շաղկապված չեն, բայց իրականությունն այլ բան է հուշում։
-Պետության բոլոր հարցերը շաղկապված են, բայց Ղարաբաղի հարցը շաղկապված չէ, ու տրամաբանական կապ չունի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի հետ։ Ղարաբաղյան հիմնախնդիրը Թուրքիան դարձրել է խաղաթուղթ` իր արտաքին քաղաքական հնարքներն իրագործելու համար։ Ի վերջո, այս երկու հարցերի տարանջատ լուծման մասին հայտարարում են այնպիսի գերտերությունների ղեկավարներ, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը։ Ղարաբաղի հարցը վաղուց վճռվել է։ Ղարաբաղցիները գաղտագողի չեն նվաճել իրենց անկախությունը, այլ ազատվել են գաղութատիրական երկրի` Ադրբեջանի լծից։ Եթե այլ տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն աշխարհի բոլոր գաղութները պետք է վերադարձվեն։
-Իսկ զիջումների մասին խոսակցություննե՞րը։
-Դրանք հեքիաթներ են։ Հավատացնում եմ, որ Ղարաբաղի մասին այսօրինակ խոսակցությունները լսում եմ միայն Երևանում, իսկ Ղարաբաղում ոչ մեկն այդ մասին չի խոսում։ 1988-89-ին ծնվածները Ղարաբաղի բնակչության ակտիվ, կենսունակ ու զգալի հատվածն են, որոնք աչք են բացել ու տեսել անկախ հայրենիք։ Երբ մենք շատ ենք քննարկում Ղարաբաղի հարցը, ինքներս ենք սկսում այն կասկածի տակ դնել։ Եթե դիվանագետ լինեի ու հանդիպեի թուրք կամ ադրբեջանցի դիվանագետի հետ, եթե խոսեին ցեղասպանության ու ղարաբաղյան հիմնահարցի մասին, անմիջապես կդադարեցնեի շփումները։ Սա պետք է հասկանան Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրությունը։ Եթե ուզում են պատերազմ սանձազերծել` դա արդեն ուրիշ հարց է։ Ղարաբաղցիներն ընդհանրապես չեն վախենում, քանի որ գիտեն իրենց հակառակորդին ու միշտ պատրաստ են պատերազմի։ Իմանալով թուրքի տմարդությունը, էությունը, կենսաբանորեն, գենետիկորեն, հոգեբանորեն Ղարաբաղի ժողովուրդը պատրաստ է պատերազմի։ Սա ամենակարևորն է։ Իսկ Ադրբեջանի ժողովրդի երկու-երեք տոկոսն է պատրաստ պատերազմի։ Հոգեբանական այսպիսի անջրպետի դեպքում ցանկացած թշնամի կպարտվի, քանի որ կարևորը զենքն ու զինվորների քանակը չէ, այլ ոգին։ Ոգին է պատերազմի աստվածը, իսկ այդ ոգին անմեռ է ղարաբաղցիների մեջ։ Ալիևի հոխորտանքին էլ տեղի ժողովուրդը քմծիծաղով է վերաբերվում։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ